Երևանը կրկին դառնում է դասական երաժշտության միջազգային հարթակ
Մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնը, որը ավելի քան մեկ տասնամյակ Երևանը ներկայացնում է որպես միջազգային երաժշտական կյանքի կարևոր կենտրոն։ Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի աջակցությամբ։
Փառատոնի բացման համերգը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Ծրագրում կհնչի Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը՝ միջազգային մրցույթների դափնեկիր Հայկ Կազազյանի կատարմամբ։ Համերգի երկրորդ բաժնում Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ կհնչի Պյոտր Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան։
Փառատոնի շրջանակում Երևանում հանդես կգան միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ, այդ թվում՝ թավջութակահար Էմանուել Գրաֆը, դաշնակահարներ Դենիս Կոժուխինը և Անտոնիո դի Կրիստոֆանոն, ինչպես նաև Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակը։ Համերգները կղեկավարեն Սերգեյ Սմբատյանը, Ջանլուկա Մարչիանոն, Վահագն Պապյանը և Բոյան Սուդիչը։
Առանձին համերգով կներկայացվեն նաև Արվո Պյարտի ստեղծագործությունները՝ նվիրված կոմպոզիտորի 90-ամյակին։
Փառատոնի գլխավոր գործընկերն է Երևանի քաղաքապետարանը, իսկ ռազմավարական հովանավորը՝ Freedom Broker Armenia ընկերությունը։ Համագործակցության շրջանակում երիտասարդ հայ օպերային մեներգիչները հնարավորություն կունենան մասնակցելու Ջանլուկա Մարչիանոյի վարպետության դասերին և հանդես գալու համատեղ համերգով։
Փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 19-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք «Սիմֆոնիկ Նոր տարի․ Խաչատրյան + ջազ» տոնական համերգով։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը հիմնադրվել է 2013 թվականին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ։ 2021 թվականից փառատոնը Եվրոպական փառատոնների ասոցիացիայի անդամ է՝ ընդլայնելով Խաչատրյանի երաժշտական ժառանգության միջազգային ներկայացման և հանրահռչակման հնարավորությունները։